Նաստասյա Կինսկին «Կինո Հայաստան»-ում

«Մենք մոռացել ենք, որ արվեստը նախևառաջ հուզվելու համար է: Նաստասյա Կինսկին մեզ հիշեցնում է այդ մասին»,- ասում է կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը: Արդեն տեղեկացրել ենք, որ գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին այս օրերին գտնվում է Հայաստանում. նա «Ոսկե ծիրան» Երևանի 12-­րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտիի հետ: «Հայաստան» կինոթատրոնում Ն. Կինսկին այսօր ներկա էր Ռոման Պոլանսկու «Թես» ֆիլմի ցուցադրությանը, որտեղ նա խաղում է գլխավոր հերոսուհու դերը: Մինչև ֆիլմի ցուցադրությունը դերասանուհին շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում և այնքան զգացված եմ, այս ամենն ուղղակի հիանալի է: Շատ հաճելի է նաև, որ Օռնելլա Մուտիի հետ եմ այստեղ»,- ասաց Ն. Կինսկին: Դերասանուհին կյանքում շատ հաջողություններ է ունեցել: Ասում է՝ երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, մենք պետք է կարողանանք ամբողջությամբ ընդունել նրան: «Որքան հրաշալի բան է երիտասարդ մնալը, այնքան դժվար է մեծանալը. մեծանալը նաև մարտահրավեր է, և մենք պետք է ուշադիր լինենք, որ չսայթաքենք, սխալներ չգործենք: «Թեսը» մի աղջկա մասին է, որը պետք է ուժեղ լինի: Դժվարն այն է, որ սայթաքելու վտանգը միշտ կա, բայց մենք պիտի հավատանք կյանքին ու ինքներս մեզ, մանավանդ դժվար պահերին»,­- ասաց նա: «Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ տեսնելու և լսելու մի դերասանուհու, որին սիրում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Մի դերասանուհու, որի տաղանդն աստղային բարձրություն ունի և ծովի խորություն»,­- Դավիթ Մուրադյանը Ն. Կինսկուն այսպես սկսեց ներկայացնել հանդիսատեսին: Ի պատասխան այս խոսքերի՝ Կինսկին Մուրադյանին պոետ անվանեց, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ կատակեց, թե դերասանուհին Հայաստան գալուն պես սիրահարվել է Մուրադյանին: «Կինսկին, երևի թե, կանացի գեղեցկության խորհրդանիշներից մեկն է,- շարունակեց Դ. Մուրադյանը,- բայց որպես գաղտնիք ձեզ ասեմ, որ կնոջ գեղեցկությունը դառնում է կրկնակի, երբ դրան գումարվում է տաղանդ: Ն. Կինսկու դեպքում ունենք կրկնակի գեղեցկություն»: Դ. Մուրադյանն ասում է, որ այս դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը դիտելիս գրեթե միշտ այնպիսի տպավորություն է ունենում, որ նա մի բան գիտի, որը մեզ չի ասում. «Այն, ինչ պահանջում է դերը, նա ասում է, բայց դրանից ավել մի բան գիտի ու չի ասում: Եվ այդ չասվածը դառնում է ավելի ձգողական, ավելի հետաքրքիր ու կախարդական»,- կարծում է կինոգետը:

Պատկերասրահ

Երևան, Զորավար Անդրանիկի 74
film@kinohayastan.am
(+374 10) 72 33 00